Tag Archives: literature

Armenian Literature: Անդարձութիւն- Վահան Տէրեան

Մենք բաժանուած ենք: Օրերի փոշին
Դեռ չի աղօտել քո դէմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդէն այն յուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ:

Սառն աչքերով եմ նայում ես հեռւում
Մեռած օրերիս ցնորքին հիմա.-
Ուրիշից լսած մի երգ է թւում,
Ու թէ՛ քաղցր է, բայց իմը չէ նա:

Մենք մնաս բարով չասինք իրարու,-
Ի՞նչ կարիք ի զուր տանջուել ու տանջել:
Մեզ կեանքը նետեց միմեանցից հեռու,
Եւ մենք չուզեցինք մէկմէկու կանչել:

Տարիներն անցան, եւ հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եւ որպէս գերին հլու իր բեռին,
Տանում եմ կեանքի օրերն անվըրդով:

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս
Ու եթէ յանկարծ խօսքերըդ հնչեն,
Եթէ տեսնեմ քեզ վերադառնալիս,-
Քեզ ինչպէ՞ս կանչեմ.- ես այն չե՛մ, այն չե՛մ:

(1911)

Armenian Literature: Hovhannes Shiraz- Սփիւռքի Հայութեան

Ես, որպես ծաղիկն Արազի ափին,
Նայում ջրերին, կարոտում եմ դեռ,
Դուք, որ հեռացաք այն սեւ օրերին, –
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռաւորներ,
Իմ պանդուխտ հայեր:

Նայում Սեւանայ երազ ծովակին,
Նայում կարոտով, կարոտում եմ դեռ,
Կարծես նայում եմ մորս աչքերին, –
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռաւորներ,
Իմ պանդուխտ հայեր:

Նայում Մասիսին մեր նուիրական,
Հալուել եմ ուզում կրծքին ալեհեր,
Ինչքան նայում եմ՝ կարոտում այնքան, –
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռաւորներ,
Իմ պանդուխտ հայեր:

Ու երբ մի գիշեր չեմ տեսնում նրանց,
Թվում է, ձեզ հետ որբ եմ կարեւեր,
Դուք ինչպե՞ս օտար աշխարհներ ընկած՝
Չեք մեռնում վշտից, իմ հեռաւորներ,
Իմ պանդուխտ հայեր:

Armenian Literature: Hamo Sahyan

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպես ապրեմ առանց ինձ:

Armenian Literature: Moushegh Ishkhan- Աշխարհի Ցաւով

Սիրտս կարիւնի աշխարհի ցաւով,
Որքա՜ն տառապանք, Աստուա՛ծ իմ, չորս դիս
Կեանքի դաշտերից փչող ամէն հով
Հառաչ ու կսկիծ կզարնէ դեմքիս:

Անմեղ զոհերի արիւնով եռուն,
Հողը ոտքիս տակ կմնայ միշտ թաց,
Եւ նոր վճիռներ իմ շուրջն ու հեռուն
Կծնուեն մարդիկ արիւնով հարբած:

Սրի ու սովի կդառնան աւար,
Լոյսի պէս պայծառ մանուկներ սիրուն,
Եւ ոտքի կոխան հասկեր անհամար
Աշխատաւորի քրտինքով օծուն:

Ես ինչպէ՞ս նստեմ խնջոյքի սեղան,
Եւ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կխլեն մարդիկ անվարան,
Որբի բերանից պատառը հացի:

Աստուա՛ծ իմ, որքան անարդար վճիռ,
Ինչպէ՞ս կարող եմ քար դնել խղճիս,
Կեանքեր թեւաբեկ եւ թշուառագիր,
Աշխարհի ցաւով հիւա՛նդ է հոգիս: