Վահագնի Ծնունդը

Աստվածային Երկունքի քառասուներորդ օրը, գարնան առաջին Արևով, Արի Մանը կանգնեց հասակով մեկ, իր կռած սուրը ձեռքին: Արևի ճառագայթների ներքո շողշողում էր սուրը հազար ու մի գանձերի փայլով: Հպարտ էր Մանը և գերհզոր: Իր սուրը պարզեց դեպի երկինք, աչքերը հառեց գարնան Արևին ու կանչեց.
– Վահագնակա˜նչ:
ԵՎ նրա կանչը արձագանք տալով տարածվեց Արարատում, և Վահագնականչ էին շնչում ամենը մեկտեղ – նախնիքը բոլոր՝ լուսեղեն ոգիք՝ Վահագն էին կանչում, Մասիսը հպարտ՝ երկինք խոյացած՝ Վահագն էր կանչում, Արարատը Մայր՝ Արևին գրկած՝ Վահագն էր կանչում: Վահագն էին կանչում բոլորը մեկտեղ, հավատքով սպասում մի նոր ծնունդի Հրե Վահագնի: Աչքերը հառած Բարի Արևին. Արևն իրենց մեջ՝ Բարև˜ Վահագնին:
ԵՎ Բարև˜ը հնչեց Արի Մանի խրոխտ, հուժկու ձայնով.
– Ո˜վ, դու, Վահա՛գն, ո˜վ, Տիեզերական Զորությունների Արքա՛, ո˜վ, Աստվա՛ծդ իմ Արի Ցեղի, ահա Աստվածային Երկունքի բոցով կռած այս սուրը ձեռքիս և քո Զորությամբ սնված, մարտի եմ ելնում Չարիի դիմաց՝ իմ Արարատը ազատելու և իմ Արի Արարչազարմ Ցեղի հավերժությունը հաստատելու: Ո˜վ, Մեծդ Վահա՛գն, քե՛զ եմ կանչում, Վահագնակա˜նչ է բխում իմ հոգու խորքից: ԵՎ քո աստվածային վեհությամբ օծի՛ր այս թուր-կեծակին և առաջնորդի՛ր ինձ այս աստվածահաճ ահեղ պատերազմում:
Ապա Մանը իր սրով կտրեց պարարտ պարանոցը մի մեծ ցուլի, որպես զոհաբերություն Հայր Արային և Ամենազոր Վահագնին: Արնաթաթախ սուրը օծեց լեռներից հոսող մաքրամաքուր ջրի ցայտումով, և տրնդեզված խարույկի վրա խանձեց զոհը: Թանձր ծուխը բարձրանում էր երկինք:
ԵՎ Արի Մանը առաջինը տեսավ ծնվող Վահագնին: Երկնի ու Երկրի միաձույլ բոցից Վահագն էր ծնվում՝ Հրե Պատանի:
ԵՎ հոգեկան անհուն բերկրությամբ կանչեց Մանը ի լուր բոլորի.
– Ցնծա˜, բյուրվիշապ Արարատ աշխա՛րհ, Վահա˜գն է ծնվում՝ փրկության Աստվա՛ծ, Վահա˜գն է ծնվում՝ Որդի՛ն Արայի, Վահա˜գն է ծնվում՝ Զորության Արքա՛. մեր Երկրի համար՝ ուժի ներշնչանք, Արևի համար՝ հրո զորություն, Աստղերի համար՝ լուսե պատանի, Լուսնյակի համար՝ սիրո մեղեդի, Երկնքի համար՝ սիրասուն մանկիկ, Արիի համար՝ հրեղեն եղբայր, իսկ Վիշապի համար՝ դաժան ախոյան, նա՝ Վիշապաքաղ:
ԵՎ տիեզերական անհունության մեջ ողջույնի Ձոներգ ծնվող Վահագնին հնչեց միաձույլ հզոր շուրթերից՝ աստղեր և լուսին, արև հրակեզ, Մասիսը հպարտ, լեռներ ու ձորեր, և հավք, և գազան երգում էին մեկտեղ.
Երկներ Երկին, երկներ Երկիր,
Երկներ և ծովն ծիրանի,
Երկն ի ծովում ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
Ընդ եղեգան փող բոց ելաներ,
ԵՎ ի բոցույն վազեր խարտյաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Ապա թե բոց ուներ մորուս,
ԵՎ աչկունքն էին արեգակունք:
Վահագնը եկավ, աստղերից հյուսած թագը իր գլխին, բոցե թիկնոցը իր հաղթ ուսերին, ձախ բազկի վրա Խաչ – Պատերազմին՝ ձուլված Արևից, աջ ձեռքին բռնած հազար ու հազար Արևով կռած իր Թուր – Կեծակին:
ԵՎ օծեց Վահագնը Մանի սուրը երկսայրի:
ԵՎ Մանը Արի, օծված իր սրով, դուրս ելավ մարտի Չարի Տիտանի սերունդների դեմ: Տիտանները ոռնում էին սարսափից, բայց կայծ-թուրի հարվածներից փրկություն չունեին: Արագածի հազար ու մի գանձերով և աստվածային կրակով կռած այս սուրը ինքը Վահագն է օծել իր Աստվածային Զորությամբ: ԵՎ ո±վ կարող է կանգնել այդ զորության դիմաց: Հազար-հազարներ մի սայրն էր սպանում, հազար-հազարներ մյուս սայրն էր սպանում, հազար-հազարներ ճառագումն էր ոչնչացնում, հազար-հազարներ ընկնում էին անշունչ միայն սարսափից:
Չարի Տիտանները խուճապահար փախչում էին, դեռ սրի փայլը չտեսած, քանզի սուրը դեռ հեռվից շանթահարում էր իր ճառագումով: Տիտանները փախչում էին Վիշապի մոտ և պատսպարվում նրա թևերի տակ:
Թեև Արի Մանը աստված էր, բայց երկրային աստված էր նա և Անմահ Աստված Վիշապի դեմ կռվել չէր կարող: Վիշապի դեմ միայն Վահագնը կկռվեր:
ԵՎ Վահագնը ահեղ՝ Զորության Աստված, Հրե Պատանի, իր ողջ զորությամբ կանգնեց Մահաբեր Վիշապի դիմաց: ԵՎ Աստվածների Մեծամարտ սկսվեց հենց Երկրի վրա, մարդկանց զարմացած աչքերի առաջ:
Նյութեղեն տեսքով ահեղ Աստվածներ՝ դաժան, անզիջող… Վիշապը Չարի՝ բազում գանգերով, արնոտ աչքերով, և թույն էր ցայտում իր պիղծ երախից. Վահագնը Արի՝ Հրե Պատանի, արև աչքերով, բոց էր ու կրակ և բոցը ձեռքին՝ իր Թուր – Կեծակին: Վահագնը ահեղ շանթեր էր սփռում իր հուր աչքերից, խավարն էր ցրում, ասպարեզ կանչում Չարի Վիշապին՝ ճակատ առ ճակատ Մեծամարտելու, ինչպես վայել է հենց Աստվածներին:
Վիշապը թունոտ՝ Չարիի Աստված, ոռնում էր ահեղ՝ ի տես Վահագնի, մահվան սարսափով գալարվում էր նա Երկիրը գրկած, կատաղած ուզում՝ Երկիրը խեղդել իր վերջին շնչով, բայց շունչն է փչում:
Վահագնը Զորեղ՝ Արիի Աստված, հուժկու զարկերով գանգերն է փշրում այդ պիղծ Վիշապի, երկինք է գցում մարմինը նրա, որ արեգակները այրեն կրակով գարշանքը նրա:
Իսկ Արի Մանը իր սակավաթիվ քաջերի գլուխ անցած, հալածում էր Չարի Տիտաններին և մաքրում նրանցից Արարատը:
Վիշապը սպանված էր, նրա լեշը այրվում էր երկնքում, բայց Վիշապի պղծանքը դեռ կար Արարատում, և գարշահոտությունը ողջ Երկիրն էր պատել:

Հատված «Ուխտագիրք»-ից
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Advertisements

2 thoughts on “Վահագնի Ծնունդը”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s