Project Nemesis: An Avenging Angel’s Story

92 տարիներ առաջ, Հայոց ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն զոհերու վրէժը լուծեց ազգային հերոս Սողոմոն Թէհլիրեանը: Հազար փառք, ընկեր ջա՜ն…

92 years ago, Soghomon Tehlirian avenged the murder of the one and a half million innocent victims of the Armenian Genocide.

գործ՝ Մալաչի Սիմոնեանի

«Առաւօտը սովորականից շուտ ելայ. արեւի շաղերը արդէն հասել էին դիմացի շէնքի պատուհանին: Հազիւ էի աւարտել թէյս եւ ուզում էի բազկաթոռը մօտեցնել պատուհանի եզրին, երբ յանկարծ դիմացի շէնքի պատշգամում տեսայ Թալէաթին: Քարացայ. նա՞ էր արդեօք: Այո՛… Նա մէկ-երկու քայլ առաջ անցաւ, ուշադիր զննեց մայթը, նախ` վեր, ապա` վար, ու կարծես ի՜նչ մտքերի ծանրութեան տակ` գլուխը կախեց: Ըստ երեւոյթին, թեթեւ չէր կեանքը, գործած անպատում ոճրից յետոյ: Յամենայն դէպս, թէեւ անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ. Պոլսոյ պատերազմական ատեանի եւ Հայ յեղափոխական դաշնակցութեան: Առաջինը, նրա համար, հաւանաբար ունէր բարոյական նշանակութիւն. փոխանակ վեր հանելու իր «ազգանուէր, մեծ գործը, հարազատ երկրի մէջ հարազատները դատապարտում էին նրան մահուան, իբրեւ սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ «թիւրիմացութիւնը» պարզել. ապագայ սերունդները կը հասկանային կատարած գործի արժէքը, եթէ… եթէ չլինէր ՀՅ Դաշնակցութեան դատավճիռը: Այնուամենայնիւ, չկարողացաւ այդ կուսակցութեան բոլոր ղեկավարներին բնաջնջել: Բայց ո՞վ մնաց իր ճանաչածներից: Փաստօրէն մէկ հոգի` Գարեգին Փաստրմաճեանը: Չէ՞ր յիշում արդեօք իր վերջին զրոյցը նրա հետ… Լծակի պէս հաստ դաստակը վեր տարաւ, ձեռքով ճակատը շփեց, ներս մտաւ: Նայեցի ժամացոյցին. տաս էր, Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զէնքը առի վրաս, պատրաստ դուրս գալու: Յանկարծ նա յայտնուեց դրան մօտ ու փղի պէս ծանրօրէն սկսեց վար իջնել: Երբ դուրս ելայ փողոց, դիմացի մայթով արդէն բռնել էր Ուհլանտի ուղին: Սառը դատողութիւնը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատուել ձեռիցս. բայց եւ յուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ. «Հասի՛ր, վազի՛ր, անցի՛ր միւս մայթը ու, շեղակի կռնակից, մէջքի՛ն, գլխի՛ն, շո՛ւտ, անցի՛ր փողոցը»… Մայթից իջայ փողոց` յետեւը անցնելու համար, բայց յանկարծ մի բան յետ մղեց ինձ. հազար անգամ պարզուած բացորոշ բանը այդ պահին մէկէն ի մէկ կասկածելի թուաց. նա՞ է արդեօք… «Անցի՛ր դիմացը, դիմա՛ցը, դիմա՛ցը, ուղղակի ճակատի՛ն, շո՛ւտ, շո՛ւտ, շո՛ւտ, վազի՜ր»… Դիմացի մայթով հաւասարուեցի նրան, արագ քայլերով բաւական յառաջացայ. անցայ նոյն մայթը, ուսկից գնում էր նա: Յետ դարձայ: Մօտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձեւով` ձեռնափայտը անփոյթ ճօճելով: Մի կարճ տարածութիւն մնացած` զարմանալի անդորրութիւն համակեց էութիւնս: Հաւասարուելու վրայ, Թալէաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մէջ առկայծեց մահուան սարսուռը: Վերջին քայլը բեկուեց. մի քիչ թեքուեց, որ խուսափի, բայց զէնքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մէկ եղաւ… Թալէաթը հարուածից կարծես ցցուեց ու մի ակնթարթ հզօր մարմինը պրկուեց ձիգ, բայց երերուն. ապա սղոցուած կաղնու բունի պէս երեսի վրայ տապալուեց թնդիւնով… Բնաւ չէի կարող երեւակայել, որ այդպիսի դիւրութեամբ գետին պիտի փռուի գազանը: Մի վայրկեան մղում ունեցայ բոլոր գնդակները պարպելու մէջքին, բայց փոխանակ կրակելու` ատրճանակս նետեցի: Սեւ, թանձր արիւնը վայրկենապէս լճացաւ Թալէաթի գլխի շուրջ. կարծես ջարդուած անօթից մազութ էր դուրս թափւում… Բայց լճացող արիւնը կարծես դիւթել էր ինձ:… Մայթի վրայ նոյն դիրքում ընկած էր հրէշը:… Համակուած էի հոգեկան այնպիսի մի ներքին գոհունակութեամբ, որի նմանը չէի ապրել երբեք: Արճիճի պէս վրաս ծանրացած տեւական մղձաւանջը չքացել էր յանկարծ: Ամէն բան փոխուել էր կարծես. կաշկանդուած հոգիս ազատ ու լայնարձակ թռչում էր. կարծես էութեամբ ձերբազատուած` մտքերս շրջան էին անում աշխարհի բոլոր ծանօթ անկիւններում…» (Մինախորեան Վահան, «Սողոմոն Թեհլիրեան. վերյիշումներ», «Յուսաբեր», Գահիրէ, 1956):

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s